Երբեմն, Փաշինյան Նիկոլն այնպիսի մտքեր է արտահայտում, որոնց հետ դժվար է չհամաձայնվել: Օրինակ, «կաթողիկոսը կուսակրոն չէ»:
Է հա՜, այն, որ կաթողիկոսը դուստր ունի հայ հասարակության լայն զանգվածները գիտեին դեռ 20-25 տարի առաջ: Իհարկե, վարդապետության տեսանկյունից դա անթույլատրելի է, սակա՞յն ...
Անթույլատրելի է նաև գրագողությունը:
Մանավանդ, որ ենթադրյալ գրագողը զբաղեցնում է Մայր բուհի ղեկավարի պաշտոնը:
Այնպես, ինչպես կաթողիկոսի դստեր պարագայում, Փաշինյան Նիկոլը չէր կարող չիմանալ քննարկվող գրագողության փաստի մասին, քանզի այն լայնորեն լուսաբանվել է մամուլում և քննարկվել վարչական ու դատական կարգով:
Ավելին` ենթադրյալ գրագողությունը կատարվել է Փաշինյան Նիկոլի սիրած` աստվածաբանության, ոլորտում:
Բացի դրանից` ողջամիտ կասկածներ կան, որ գրագողությունը կատարվել է հենց օրվա իշխանության ցուցումով, որպեսզի գրագողը շուտափույթ կերպով դառնա գիտությունների դոկտոր և համապատասխանի պաշտոնին:
ՈՒրեմն, ի՞նչ է ստացվում:
Ստացվում է, որ կաթողիկոսին դուստր ունենալ չի կարելի, սակայն կրթության ոլորտի ղեկավարին կարելի գրագող լինել:
Կարծում եմ` երկուսն էլ անթույլատրելի է և հավասարաչափ վնասաբեր:
Սակայն, Փաշինյան Նիկոլը կենտրոնացել է բացառապես կաթողիկոսի և վերջինիս դստեր վրա:
Այսպիսով, Փաշինյան Նիկոլը խորամանկում է:
Նա մի կողմից դատապարտում է գործած մեղքը, մյուս կողմից` հավանության է արժանացնում մեկ այլ մեղք: Եվ, ո՞վ ասաց, որ Աստծո առջև կուսակրոնություն չպահպանելը գրագողությունից ավելի ծանր հետևանքներ ունեցող մեղք է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ